ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Եթե ԱՄՆ- ը չդադարեցնի հարվածները, տարածաշրջանը կարող է պայթել-2

Եթե ԱՄՆ- ը չդադարեցնի հարվածները, տարածաշրջանը կարող է պայթել-2
06.02.2024 | 14:05

(սկիզբը` այստեղ)

Թերևս ավելորդ է ասել, թե որքան կարևոր են խաղաղությունն ու կայունությունը մեզ հարևան ու բարեկամ երկրում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում և, ընդհանրապես, տարածաշրջանում: Եվ ոչ միայն այն առումով, որ Իրանի և Հայաստանի տրանսպորտային, առևտրային և այլաբնույթ կապերը ռազմավարական նշանակություն ունեն կիսաշրջափակման մեջ գտնվող և այլ առումներով էլ խնդիրներ ունեցող մեր երկրի համար:

Սիրիայում և Իրաքում իրանական ուժերի ավելի քան 85 թիրախներին ԱՄՆ- ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) կողմից փետրվարի 2- ի, լույս 3- ի գիշերը հասցված 120- ից ավելի ավիահարվածները, ցավոք, սպառնալիքի տակ են դրել խաղաղությունն Իրանում և ողջ տարածաշրջանում: Ամերիկյան հարվածներին մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը: Եթե կատարվածը դիտարկենք զուտ ավիահարվածների հետևանքների առումով, ապա վերոնշյալ անհանգստությունը կարող է թվալ չափազանցված, սակայն…

Ամերիկյան ագրեսիայի հետևանքները

Միայն Իրաքում, ինչպես հայտնել են երկրի իշխանությունները, ԱՄՆ-ի գիշերային ավիահարվածների հետևանքով զոհվել է 16 մարդ, ևս 25-ը վիրավորվել են: Վարչապետ Մուհամեդ Շիա աս-Սուդանի գրասենյակը տեղեկացրել է, որ զոհվածների թվում խաղաղ բնակիչներ են եղել: «Reuters»- ի փոխանցմամբ, վարչապետը հասցված հարվածներն անվանել է «Իրաքի ինքնիշխանության դեմ նոր ագրեսիա»:

Քաղաքական գործիչը չի հաստատել, որ ԱՄՆ- ը նախապես տեղեկացրել է Իրաքին հասցվելիք ավիահարվածների մասին, և որ հարվածներն Իրաքի կառավարության կողմից նախապես համակարգվել են Վաշինգտոնի հետ: Վարչապետն այդ պնդումներն անվանել է սուտ: Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոն Քիրբին լրագրողներին ասել էր, որ Իրաքի կառավարությունը տեղեկացվել է ԱՄՆ-ի ծրագրերի մասին։ Մուհամեդ շիա աս-Սուդանիի հավաստմամբ, «տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կոալիցիայի ներկայությունը սպառնում Է Իրաքի անվտանգությանը և կայունությանը»:

Սիրիայում նույնպես բազմաթիվ խաղաղ բնակիչներ և զինվորականներ են զոհվել ու վիրավորվել, մեծ վնաս է պատճառվել հանրային և մասնավոր գույքին

Ինչից է բխում առնվազն տարածաշրջանային մեծ պատերազմի վտանգը

Չնայած վերոնշյալին, հարվածների հետևանքները զուտ մարդկային զոհերի և տուժածների քանակի, ինչպես նաև պատճառված նյութական վնասի առումով այնպիսին չեն, որ Իրանին դրդեն պատասխան գործողությունների: Վտանգը բխում է այլ իրողությունից և իրադարձությունների հետագա զարգացումից:

Ինչպես հայտնի է, ամերիկյան հարվածները հասցվել են ի պատասխան Հորդանան-Սիրիա սահմանի մոտ գտնվող ԱՄՆ «Էթ- Թանֆ» ավիաբազայի վրա հունվարի 28-ին իրանամետ ուժերի հարձակման: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքում Իսլամական դիմադրությունը», որի կազմում է Իրաքում և Սիրիայում գործող «Քաթաիբ Հըզբոլահ» իրանամետ կազմակերպությունը: Անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարվածի հետևանքով զոհվել է 3 ամերիկացի զինծառայող, CENTCOM-ի հայտնած վերջին տեղեկությունների համաձայն, տուժած զինծառայողների թիվը հասել է 34- ի, նրանցից 8- ին անհրաժեշտ է եղել տարհանում:

Նախ, չի կարող ուշադրություն չգրավել այն հանգամանքը, որ ԱՄՆ- ը, կարծես Իրանին գրգռելու նպատակով, հասցրել է խիստ անհամաչափ հարված, անհամաչափ ուժ է կիրառել, ընդ որում, ռազմական գործողության մեջ օգտագործելով նաև հատուկ այդ նպատակով Միացյալ Նահանգներից ժամանած B1 ռազմավարական ռմբակոծիչներ:

Երկրորդ հանգամանքը, ինչն ավելի կարևոր է, հետևյալն է. ամերիկյան «The Wall Street Journa» հեղինակավոր օրաթերթը ԱՄՆ- ի ագրեսիայից կարճ ժամանակ առաջ տեղեկացնելով հանգստյան օրերին Սիրիայում և Իրաքում իրանական ուժերին և օբյեկտներին հարվածելու ԱՄՆ-ի ծրագրի մասին, նշել էր, որ Վաշինգտոնը չի ձգտում էսկալացիայի, որը կարող է հանգեցնել Իրանի հետ անմիջական բախման ու պատերազմի, և որ Միացյալ Նահանգների նպատակն Իրանի վրա ներգործելն է, որպեսզի նրա կողմից աջակցվող զինյալները դադարեցնեն հարձակումները Մերձավոր Արևելքում:

Իրականությունը, սակայն, ճիշտ հակառակն է. ԱՄՆ- ն Իրանի պատասխան գործողությունները սադրելու նպատակով հարվածել է ոչ միայն իրանամետ շիա կազմավորումների, այլև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (իրանական էլիտար ռազմաքաղաքական կազմավորում) հատուկ նշանակության ռազմական ստորաբաժանում հանդիսացող «Ալ Քուդս»- ի դիրքերին և այլ թիրախներին: Ի տարբերություն իրանամետ ռազմականացված շիա խմբավորումների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Իրանի պաշտոնական ռազմական կազմավորումներից է: Ավելին, ԻՀՊԿ- ն ռազմական ոլորտում Իրանի սրբության սրբոցն է…

Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության անանուն ներկայացուցիչն իրանական ԻՐՆԱ լրատվական գործակալությանը հայտնել էր , որ Իրանը որևէ կապ չունի հունվարի 28- ին ԱՄՆ- ի Զինված ուժերի բազայի վրա ԱԹՍ-ի հարձակման հետ:

Ի վերջո, վտանգի մասին վկայող երրորդ հանգամանքը, նույնիսկ «Ալ Քուդս»- ին հարվածելու պարագայում Իրանի պատասխան հարվածը չստանալուց հետո, իրանական ուժերին նորանոր հարվածներ հասցնելու մտադրության մասին ԱՄՆ-ի հայտարարությունն է: Հարվածներ, որոնց նպատակը, ինչպես դժվար չէ հասկանալ, լինելու է Իսլամական Հանրապետությանը սադրելը, հունից հանելը, որպեսզի Իրանի պատասխան հարվածներն առիթ ծառայեցնի նրան ավելի մեծաթիվ, ինտենսիվ ու հզոր հարվածներ հասցնելու և հակամարտությունը պատերազմի վերածելու համար:

Անհանգստացած է նաև Ռուսաստանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հունվարի 30- ին ճեպազրույցում անդրադառնալով Իրանին ԱՄՆ-ի կողմից հարվածների նախապատրաստման վերաբերյալ տեղեկություններին, ТАСС- ի տեղեկացմամբ , ասել է.

«Մենք չենք ողջունում ցանկացած գործողություն, որը հանգեցնում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման, որը հանգեցնում է լարվածության սրման, առավել ևս՝ առանց այն էլ ավելորդ բախումային ներուժի ֆոնին, որը մենք տեսնում ենք տարածաշրջանում»:

«Կարծում ենք, որ, ընդհանուր առմամբ, լարվածության մակարդակը շատ տագնապալի է, հիմա լարվածության դեէսկալացիային ուղղված քայլերի ժամանակն է»:

«Դա միակ բանն է, որը կարող է օգնել մեզ՝ կանխելու հակամարտության հետագա տարածումը, առավել ևս՝ մերձավորարևելյան, և ինչ-որ կերպ դուրս գալ դեկոնֆլիկտինգի և դեէսկալացիայի։ Հիմա դա մեզ համար չափազանց կարևոր է»։

Ավելին, բացի Պեսկովի հայտարարություններից, Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում պահանջել է անհապաղ քննարկել Սիրիային և Իրաքին ԱՄՆ- ի հարվածները: Ինչպես փետրվարի

3- ին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ռուսաստանը խստորեն դատապարտում է ինքնիշխան պետությունների դեմ ամերիկա-բրիտանական ագրեսիայի նոր աղաղակող գործողությունը, և ձգտում է հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով այդ իրավիճակի հրատապ քննարկման:

«Խստորեն դատապարտում ենք ինքնիշխան պետությունների դեմ ամերիկա-բրիտանական ագրեսիայի նոր աղաղակող գործողությունը։ Հասնում ենք ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի գծով ստեղծված իրավիճակի հրատապ քննարկմանը»,- ընդգծել է Զախարովան։ Հավելենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է այսօր:

«Իրաքի և Սիրիայի տարածքում ռազմավարական ռմբակոծիչների կիրառմամբ ամերիկյան ավիահարվածները, որոնց հետևանքով ավերվել և վնասվել են տասնյակ օբյեկտներ և զոհվել խաղաղ քաղաքացիներ, կրկին ամբողջ աշխարհին ցույց տվեցին Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականության ագրեսիվ էությունը և Վաշինգտոնի կողմից միջազգային իրավունքի նորմերի լիակատար անտեսումը»,- ընդգծել է դիվանագետը:

«ԱՄՆ- ի հարձակումներին Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի հնազանդ մասնակցությունը ոչ մեկի մոտ չպետք է ինչ-որ «միջազգային կոալիցիայի» պատրանք ստեղծի,- հայտարարել է Զախարովան:- Լոնդոնին դեռ հարկ կլինի պատասխան տալ Վաշինգտոնում վերադասների զուտ սադրիչ գործողություններին աջակցելու իր ջանասիրության համար»:

Ինչպես նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, Վաշինգտոնը, հավատալով իր անպատժելիությանը, շարունակում է ավերածություններ և քաոս սերմանել Մերձավոր Արևելքում, տարածաշրջանում ԱՄՆ-ի ավիացիոն գործողությունը, որը խոշորագույնն է դարձել 2003 թվականից ի վեր և «ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից ներկայացվել է որպես «հատուցման ակտ» Հորդանանում ամերիկյան ռազմաբազայում չհաստատված ծագման ԱԹՍ-ների կիրառմամբ հարձակման համար, արդարացումներ չունի»:

«Ամերիկայում ներքաղաքական դասավորությունների վրա ազդելուն նպատակաուղղված «մկաններով խաղալու» փորձերը, թափ հավաքող նախագահական ընտրարշավի լույսի ներքո գործող ամերիկյան վարչակազմի՝ միջազգային ասպարեզում ձախողված ընթացքը գոնե ինչ-որ կերպ շտկելու ցանկությունը հանգեցնում են միջազգային լարվածության հետագա էսկալացիայի, էլ ավելի են խաթարում ԱՄՆ- ի դիրքերն արաբական աշխարհում»,- հայտարարել է Զախարովան:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ «ԱՄՆ-ը տարածաշրջանում չի փնտրում և երբեք չի փնտրել խնդիրների լուծումներ, իսկ գործերի վիճակը, երբ Մերձավոր Արևելքում քրոնիկ հակասությունները միայն խորանում են, Վաշինգտոնին միշտ ձեռնտու է եղել: Հարցը ոչ այնքան տարածաշրջանային պետությունների իղձերի ու շահերի նկատմամբ ամերիկյան «ռազմավարների» ավանդական անտարբերությունն է, որքան Ֆինլանդիայից մինչև Սուեզի ջրանցք, Լիբիայից մինչև Աֆղանստան լարվածության օջախներ ստեղծելու նրանց մոլուցքը։ Հեռու սեփական սահմաններից, ավելի մոտ «հակառակորդներին», միաժամանակ նաև՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հավատարիմ դաշնակիցներին»:

«Ակնհայտ է, որ ավիահարվածները հատուկ նախագծված են հակամարտության հետագա հրահրման համար,- հայտարարել է Զախարովան:- Վերջերս գործնականում առանց դադարի հարձակվելով Իրաքում և Սիրիայում, ինչպես պնդում են, իրանամետ խմբավորումների օբյեկտների վրա, ԱՄՆ-ը նպատակաուղղված կերպով փորձում է հակամարտության մեջ ներքաշել տարածաշրջանի խոշորագույն երկրներին»:

ԱՄՆ-ը չի հրաժարվում Իրանին հակամարտության մեջ ներքաշելու մտադրությունից

Չնայած Պեսկովի և Զախարովայի վերոնշյալ հայտարարություններին և Ռուսաստանի գործադրած դիվանագիտական ջանքերին, ԱՄՆ-ում անոնսել են Մերձավոր Արևելքում հարվածների շարունակման մասին: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը երեկ հայտարարել է, որ Վաշինգտոնը ծրագրում է լրացուցիչ հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում իրանամետ խմբավորումներին:

«Մենք մտադիր ենք նոր հարվածներ հասցնել և լրացուցիչ գործողություններ ձեռնարկել, որպեսզի հստակ ազդանշան ուղարկենք այն մասին, որ Միացյալ Նահանգները կպատասխանի մեր ուժերի նկատմամբ հարձակումներին և մեր մարդկանց սպանություններին»,- հայտարարել է ԱՄՆ- ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:

«Այն, ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը, մեր պատասխանի սկիզբն էր, ոչ թե վերջը, և դեռ քայլեր կլինեն՝ որոշ տեսանելի, որոշ գուցե անտեսանելի»,- հավելել է Սալիվանը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր հերթին, հայտարարել է, որ Վաշինգտոնը կանգ չի առնի Սիրիայի և Իրաքի ռմբակոծությունների վրա և կշարունակի պատասխանել ամերիկյան զինվորների վրա հարձակումներին «այն ժամանակ և վայրում, որը մենք ինքներս կընտրենք»:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին, մեկնաբանելով ԱՄՆ-ի ռմբակոծությունները, հայտարարել է, որ դրանք տարածաշրջանում լարվածության և անկայունության սրման կհանգեցնեն:

Ինչպես տեղեկացրեց «РИАНовости» – ն՝ հղում կատարելով Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանիի հայտարարության վրա, Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը մարտին համատեղ ծովային զորավարժություններ կանցկացնեն: Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին:

«Այլ երկրներ նույնպես հրավիրվել են մասնակցելու Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ռազմածովային զորավարժություններին»,- Իրանիի խոսքը մեջբերելով, տեղեկացրել է իրանական «Fars» լրատվական գործակալությունը:

Շահրամ Իրանին նշել է, որ Իրանի համար զորավարժություններն անցկացվում են «Իսլամական Հանրապետության և Մերձավոր ու Միջին Արևելքի տարածաշրջանի երկրների շահերի և տնտեսական ռեսուրսների անվտանգության ապահովման իրավիճակների մշակման նպատակով»:

Տա Աստված, վերոնշյալ զորավարժություններն ուշացած չլինեն…

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ